ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Միշել Ուելբեկ. Դեռ երբեք մահն այդքան աննկատ չի եղել, ինչպես հիմա

Միշել Ուելբեկ. Դեռ երբեք մահն այդքան աննկատ չի եղել, ինչպես հիմա
05.05.2020 | 10:52

France Inter ռադիոկայանը մայիսի 4-ին իր կայքում զետեղել է Միշել Ուելբեկի նամակը: Ժան Պոլ Սարտրի ու Ալբեր Կամյուի ժամանակներից ամենահայտնի ֆրանսիացի գրողը նկարագրում է իրականությունը COVID-19-ի պանդեմիայից ու կարանտինից հետո:
«Պետք է ընդունել՝ վերջին շաբաթներին ուղարկված էլեկտրոնային նամակների մեծ մասը առաջին հերթին կոչված էին ստուգել, որ զրուցակիցը ողջ է ու մահամերձ չէ»՝ այսպես է սկսում նամակն Ուելբեկը: Եվ երբ նամակի հեղինակը համոզվում է հասցեատիրոջ լավ ինքնազգացողության մեջ, խոսակցությունը տեղափոխվում է այլ՝ ավելի հետաքրքիր հուն, որ կապ չունի համաճարակի հետ: Դա իրադարձությունների անխուսափելի զարգացում է, որովհետև կորոնավիրուսն ինքնին ձանձրալի է: COVID-19-ին Ուելբեկն անվանում «բանալ վիրուս»՝ լղոզված հատկանիշներով ու առանց որակների:
«Կարանտինից հետո մենք չենք արթնանալու նոր աշխարհում: Աշխարհը լինելու է նույնը, միայն ավելի վատը»՝ գրում է Ուելբեկը: Նա կես վայրկյան իսկ չի հավատում հայտարարություններին, որ իբր «ոչինչ նախկինը չի լինելու»: «Հակառակը՝ ամեն ինչ լինելու է ինչպես առաջ: Նույնիսկ այս համաճարակի ընթացքը ապեցուցիչ նորմայի շրջանակներում է»՝ գտնում է նա: Զարմանալի ու նոր ոչինչ չկա, որ Ֆրանսիան սանիտարական ճգնաժամն ավելի լավ է հաղթահարում Իսպանիայից ու Իտալիայից, բայց վատ՝ Գերմանիայից: Պանդեմիան պարզապես նորից հիշեցրեց հայտնի փաստը՝ Արևմուտքը չի կարող հավերժ մնալ ամենահարուստը, զարգացածը, անխոցելին:


Համաճարակի գլխավոր հետևանքը ֆրանսիական գրականության enfant terrible-ը համարում է հասարակության մեջ արդեն տեղի ունեցող գործընթացների մեծ մասի արագացումը: Գլխավորը մարդկանց անձնական շփումների կրճատումն է: Վերջին տասնամյակների բոլոր տեխնոլոգիական նվաճումները՝ սոցիալական ցանցերից և հեռահար աշխատանքի ծրագրերից մինչև խանութում գնումների համար անշփում վճարումները հանգեցրել են մարդկանց միմյանց հետ ավելի ու ավելի քիչ փոխգործակցությանը. «Կորոնավիրուսի համաճարակը հիանալի առիթ է աջակցել խորթացման այդ միտումին, որ խփում է մարդկային հարաբերություններին»:


Միշել Ուելբեկը բանավիճում է նրանց հետ, որ պնդում են, թե իբր հասարակությունը համաճարակի ժամանակ վերջապես հիշեց մահվան գոյության մասին և զգաց մշտական ներկայությունը: Թեպետ Ֆրանսիայում արդեն 25000 մարդ է վախճանվել COVID-19-ով վարակվելու հետևանքով, «դեռ երբեք մահն այդքան աննկատ չի եղել, ինչպես հիմա»: Նա հիշեցնում է, որ տարեցների տների բնակիչները մեռնում են մենակության մեջ, և այդ մասին ոչ ոք էլ չի իմանում: «Համաճարակի զոհերը մահերի ամենօրյա վիճակագրության մեջ եզակի են»՝ գրում է Ուելբեկը: Փոխարենը տարիքը սկսել է կարևոր դեր խաղալ պանդեմիայի ժամանակ: «Մինչև ո՞ր տարիքը կարելի է բուժել ու վերակենդանացնել: 70, 75, 80 տարեկա՞ն»: Այս դատողությունները կախված են յուրաքանչյուր կոնկրետ շրջանից, «համենայն դեպս՝ առաջ մենք երբեք ստիպված չենք եղել այդքան հանգիստ լկտիությամբ հայտարարել, որ մարդկանց կյանքերը միատեսակ նշանակություն չունեն»: Ուելբեկը հիշում է ֆրանսիացի մեկ այլ հայտնի հեղինակի՝ Ֆրեդերիկ Բեգբեդերի խոսքերը: Բեգբեդերը մեկնաբանելով՝ ինչպես է կարանտինն ազդել իր կենսակերպի վրա, նշել է, որ գրողի առօրյայում առանձնապես փոփոխություններ չեն եղել՝ գրողի սոցիալական շփումներն առանց այդ էլ սահմանափակ են, նա ապրում է գրքերի շրջապատում: Միշել Ուելբեկը համաձայն է, բայց լրացումով՝ կենսակերպը քիչ է փոխվում, բայց ստեղծագործել չորս պատերի մեջ գործնականում հնարավոր չէ: «Փորձել գրել, եթե չկա հնարավորություն օրվա մեջ մի քանի ժամ շարունակ զբոսնել, հակացուցված է՝ կուտակված նյարդային լարումը ելք չի գտնում, մտքերն ու կերպարները շարունակում է հիվանդագին պտտվել դժբախտ հեղինակի գլխում, որ արագ դառնում է նյարդային, երբեմն էլ խելքը թռցնում է»՝ բացատրում է Ուելբեկը՝ գրասեղանի առաջ ծնվում են գաղափարները, իսկ զբոսանքը նպաստում է գաղափարների կոնֆլիկտի լուծմանը: Վերջապես՝ Ուելբեկը կասկածում է, որ համաճարակը նոր գրքերի պատճառ կդառնա, ինչպես ժանտախտը՝ որովհետև ի տարբերություն ժանտախտի՝ COVID-19-ից դարակազմիկ փոփոխություններ պետք չէ սպասել:
RFI


Հ.Գ. Միշել Թոմաս Ուելբեքը ծնվել է 1958-ին՝ 20-րդ դարի կեսերին ու իր վեպերով, բանաստեղծություններով, էսսեներով ավելի շատ 20-րդ դարում է, թեպետ առաջին գիրքը հրապարակել է 1994-ին՝ «Ինչ էլ որ լինի»: Նա նաև դերասան է, կինոռեժիսոր, երգիչ՝ դա Ֆրանսիայում անխուսափելի է: Երկրորդ գիրքը՝ Atomised-ը, 1998-ին նրան բերեց միջազգային ճանաչում: Վերջին վեպը՝ Serotonin- ը լույս է տեսել 2019-ին: Ուելբեքի իրականությունը 20-րդ դարինն է ոչ այն պատճառով, որ նա չի սիրում ու չի հասկանում 21-րդ դարը, պարզապես 20-րդ դարից են նրա ընթերցողները, գաղափարներն ու կերպարները: Մենք բոլորս ենք սկսվում մեր ծննդյան օրից: Գրողների ծննդյան օրը նրանց ժամանակն է: Եվ ամենայն հավանականությամբ՝ Միշել Ուելբեկը չի սխալվում, որ COVID-19-ը չի փոխի կյանքը, COVID-19-ը փոխում է աշխարհը, իսկ մարդկանց զգացողությունը՝ ոչ: COVID-19-ը հայելի է դրել բոլորիս առաջ, որ տեսնենք մեր ստեղծած իրականությունը: Եթե կարողանանք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8608

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ